Հետազոտական աշխատանքի պաշտպանություն

Ողջույնի խոսք․
SLIDE 1

Ողջունում եմ հարգելի դասավանդողներ,հյուրեր,սիրելի սովորողներ, ես Մարի Կարապետյանն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորող, վարժարանում եմ 2023-ի սեպտեմբերից։
Այսօր ես կներկայացնեմ իմ հետազոտական աշխատանքը, որի թեման է «Գորիսի տարածաշրջանի բարբառը»։

SLIDE 2
Ինչպես գիտենք, 2022-2023 ուստարվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հետազոտական աշխատանքը դարձել է հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ, որը կարող ենք արդեն համարել հետազոտական վարժարանի ձեռքբերում։ Հետազոտական աշխատանքն ինձ համար նորություն էր, որի շնորհիվ իմ ուսումնական գործունեությունը դարձել է ավելի հագեցած և բովանդակալից։ Աշխատանքի թեման ինձ բավականին հոգեհարազատ է՝ «Գորիսի տարածաշրջանի բարբառը», քանի որ մայրական կողմից սերում եմ Գորիսից։ Հետազոտական աշխատանքը ղեկավարում է կրթահամալիրի հասարակագետ, ծնունդով Գորիսի Կոռնիձոր գյուղից Վարդան Կարապետյանը։ Կարծում եմ՝ այս աշխատանքը կհետաքրքրի ոչ միայն շատ սովորողների, այլև դասավանդողների, ովքեր հնարավորություն կունենան պատկերացում կազմելու ինչպես Գորիսի տարածաշրջանի բարբառի, այնպես էլ Գորիսի պատմության հետաքրքիր էջերի մասին։

Հետազոտական աշխատանքը արդիական է, որովհետև հայերենի բարբառների պաշտպանությունը ներկայումս հիմնախնդիր է, քանզի բարբառները գրական լեզվի հարստացման կենսական ակունք են։
Այս աշխատանքի նպատակն է՝ ցույց տալ, թե ինչպես են պահպանվում հայերենի բարբառները, մասնավորապես Գորիսի տարածաշրջանի բարբառը, դրանք գործածվում և փոխանցվում։

SLIDE 3
Աշխատանքը կազմված է բովանդակությունից, ներածությունից, չորս գլուխներից, եզրակացությունից և օգտագործված աղբյուրների ցանկից։ Ներածության մեջ խոսվում է հետազոտական աշխատանքի թեմայի ընտրության, արդիականության, նպատակի, խնդիրների, աշխատանքի կառուցվածքի, աշխատելու ընթացքի մասին։ Գլուխներում ներկայացված են դրվագներ Գորիսի պատմության էջերից, հայերենի բարբառների ընդհանուր նկարագիրը, Գորիսի տարածաշրջանի բարբառը, և «Բարբառներ» ակումբի գործունեությունը, իսկ եզրակացության մեջ ներկայացված է աշխատանքի համառոտ ամփոփումը։ 

Որպես աղբյուրներ օգտվել եմ տարբեր գիտական գրականությունից, կրթահամալիրում գործող «Բարբառներ» ակումբի բլոգից, /ղեկավար՝ Վարդան Կարապետյան/, նաև զրուցել եմ կրթահամալիրի բարբառակիր դասավանդողների և սովորողների հետ։ 
Այժմ խոսեմ բուն աշխատանքի մասին․

ԳԼՈՒԽ 1
Մի փոքր հայերենի բարբառների մասին․
Նախ մինչ Գորիսի տարածաշրջանի բարբառին անցնելը, մի փոքր խոսենք հայերենի ընդհանուր բարբառների մասին։
Ինչպես ասել է Ամենայն Հայոց բանաստեղծ, Լոռեցի Հ․ Թումանյանը՝ «Հայոց գրական լեզվի խնդիրը  զանազան  շրջաններ անցնելուց հետո  վերջնականապես  պիտի վճռվի  ժողովրդական լեզվի կատարյալ հաղթանակով: Ժողովրդական լեզվի հաղթանակը  պիտի պսակվի  ազգային ուժեղ գրականությամբ, իսկ ազգային ուժեղ գրականություն՝  կնշանակի ինքնուրույն ու հզոր ժողովուրդ»։

Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է, համաժողովրդական լեզվի ճյուղավորում, որը սպասարկում է հասարակության որոշակի հատվածի։ Ինչքան ժողովուրդը տարածքայնորեն կամ պետականորեն մասնատված է, բարբառային տարբերություններն ավելի խորն են լինում: Յուրաքանչյուր բարբառ իր մեջ կրում է որոշակի  հանրության ստեղծած մշակույթը, հարևան ժողովուրդների հետ շփման ու լեզվական, մշակութային փոխազդեցության հետևանքները: Կյանքի զարգացմանը համընթաց բարբառները տեղի են տալիս, որովհետև ազգային լեզուն կրողների փոխադարձ շփումները դառնում են դյուրին, և տարբեր բարբառախոսներ միմյանց հետ սկսում են հաղորդակցվել ընդհանուր խոսակցական լեզվով՝ մասամբ պահպանելով մայրենի  բարբառի յուրահատկությունները։ Ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական վերացում։ Հայերենը բարբառներով հարուստ լեզու է։ Բավական մեծ թիվ են կազմում նոր հայերենի բարբառները (շուրջ 60 բարբառ)։ Հայերենի բարբառների մի մասն այժմ էլ գործածվում է, որոշ բարբառների խոսողական տարածքը նկատելիորեն նեղացել է, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ այժմ վերացված են։

Գլուխ 2
Մի փոքր Գորիսի մասին․
Աշխատանքի 2-րդ գլխում խոսվում է Գորիսի պատմության էջերից։ Դե կարծում եմ բոլորդ էլ գիտեք, որ Գորիսը քաղաք է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Գորիսի տարածաշրջանը կազմված է 3 խոշորացված համայնքից՝ Գորիս համայնք /Գորիս, Ակներ, Վերիշեն, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ, Բարձրավան, Հարթաշեն, Շուռնուխ, Որոտան, Քարահունջ/, Տաթև համայնք և Տեղ համայնք։ Գորիս համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Գորիսի քարայրները, քարանձավներն ու բրգաձև ժայռերը, Գորիսի յուրահատուկ խոհանոցը, Գորիսցիների հյուրընկալությունն ու հյուրասիրությունը մշտապես գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ հետազոտական աշխատանքի 2-րդ գլխում։

Գլուխ 3
Այժմ անցնենք Գորիսի տարածաշրջանի բարբառին։
Գորիսի բարբառը պատկանում է –ում ճյուղին և հայերենի` ներկայումս կենդանի և մեծ հանրություն ընդգրկող բարբառներից է, խոսվում է Գորիսի շրջանի բոլոր գյուղերում և Գորիս քաղաքում, ինչպես նաև Սիսիանի և Կապանի որոշ գյուղերում: Այն խիստ տեղայնացված բարբառ է և ընդգրկում է որոշակի աշխարհագրական միջավայր:
Մեր մեծ Գորիսեցին գրել է՝ «Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը… Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալաչներ։ Հապա Դոլուն Կարին… Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ… և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին… Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո կասեր, որ Մեղբաքերծը կդրնգար»․․․Ակսել Բակունց, «Կյորես»

Հայերենի բարբառային միավորների շարքում հատկանշական և ուրույն դեր ունեն Սյունիքի և պատմական Սյունիքի բարբառներն ու խոսվածքները։ Սյունիքը ոչ միայն ներկա է գտնվել հայ ժողովրդի պատմական ձևավորման և զարգացման ընթացքին, այլև վճռական դեր է ունեցել հայապահպանման գործում։
Գորիսի բարբառը հայերենի հեռավոր ժամանակներից եկող բարբառներից է: Գորիսի բարբառի մեջ են մտնում Գորիսի տարածաշրջանի գյուղերի խոսվածքը, որում օգտագործվող ձայնավորներն են`ա, ա¨, ու , ու¨ , օ , օ¨ , է , ի , ը։

Խոսվածքին բնորոշ բառեր՝
Հըղեց -ճընապա-ճանապարհ
Բուլի-գուլի-հու¨նդու¨շկա-հնդկահավ
թա¨նա¨գ -խաղողի թուփ
քիլիսա¨ր-լոբու ճախ-լոբու ճիպոտ
կլխո¨ւվէ¨ր-տվեր-ներքև
կլխիյե¨ր-տիյեր-վերև
ընդյո¨ւքեր-ո¨ւրա¨նք-իրենք
մըխիլա-մընչուկ-շատ
տըկաթէր-բազուկ /ճըխթթո/
ղոնաղ-հյուր
բա¨լքի/բա¨լի-գուցե
ղաթումը-բա¨զի վախտ-մեկ-մեկ
յաղուզ-ինչու
քըշանը քիշէրավ-ըռվետանց-առավոտ շուտ
մըն/մին թա¨վու¨ր-մի ձև/տեսակ
ո¨ւրգո¨ւնա¨նց-երեկոյան
արևգո¨ւնա¨շ-արևոտ տեղ
դեհա-շուտ
յավաշ-յավաշ–կամաց-կամաց
բարա¨-մըղակ-մուտք
մու¨զու¨կ-վու¨լու¨կ-ավելուկ
բըրղանի-դդում
գյավալի-սալոր
փարանդասի-ղարղուդալի-եգիպտացորեն

Օրհնանքներ՝
Շտեղ վեր ք(յ)ինա¨ս, առաչտ պարին կ(յ)ա¨-որտեղ գնաս, դիմացդ բարին գա
Տո¨ւռտ միշտ պա¨ց ինի, տաշտտ էլ լիգինը հաց ինի-դուռդ միշտ բաց լինի, տաշտդ լիքը հաց լինի
Տանտ միշտ խուխե լա¨ց ինի-տանդ միշտ երեխայի լացի ձայն լսվի
Պիրա¨նիտ ծիծաղ ինի, աշկտ էլ միշտ ցամաք ինի-բերանիդ միշտ ծիծաղ լինի, աչքդ էլ միշտ չոր լինի

Առած-ասացվածքներ՝
Ճըպատըտ քոլատ կըտրե-ճիպոտդ թփիցդ կտրի, քեզ համապատասխան ամուսին գտիր
Փեշա¨կը հա¨շվի մըն ա¨խպո¨ւրա¨, թող վեչ վարար անի, վըչ էլ պակաս անի-փեշակ/արհեստ ունեցողը սոված չի մնա
Մորը տես, նոր ըխճիկանն օզի-մորը նայիր, աղջկան ուզիր
Վեր փըսակվում են, առաջին տարումը մարթը պեցրո¨ւ ա¨ խոսում, կնեկը սուս-փուս լսումա-որ ամուսնանում են, առաջին տարվա ընթացքում ամուսինը բարձր է խոսում, իսկ կինը լուռ լսում է
Յերկրորթ տարումը կնեկնա պեցրո¨ւ խոսում, մարդը լսումա-երկրորդ տարվա ընթացքում կինն է բարձր խոսում, ամուսինը լուռ լսում է
Մնացած վախտը էրկուսն էլ պեցրո¨ւ են խոսում, հրըվանները լսում են-մնացած ժամանակ երկուսն էլ բարձր են խոսում, հարևանները լսում են:

Դարձվածքները Սյունիք/Արցախ բարբառում
Թե՛ գրական հայերենում, թե՛ բարբառային տարբերակներում դարձվածքը խոսքին կենդանություն, դիպուկություն ու արտահայտչականություն հաղորդող կարևորագույն միջոց է:

Դարձվածքների և հատկապես սննդանուն պարունակող դարձվածաբանական միավորների հարուստ գանձարան ունի Գորիսի բարբառը, որոնց միջոցով կարելի է համապարփակ ու ամբողջական պատկերացում կազմել բարբառակիր հանրույթի արժեհամակարգի, աշխարհայացքի, հոգեբանության, կենցաղի պայմանների, պատմական կենսափորձի, սովորույթների ու ավանդույթների մասին:
Կարծում եմ բոլորը գիտեն, որ հացը սրբություն է գորիսեցու համար: Պատահական չէ, որ խոսքի իրավացիությունը հասատատելու նպատակով վկա է բերվում հացը՝ «էս հացը վըկա»: Դա երդման ամենազորեղ ձևն է, երբ խոստում տվողը երբեք չի դրժում իր խոսքը: Հականիշ իմաստն արտահայտվում է մի/մին կըտօր հացի հա̈սրա̈թ մընալ (ապրուստի չնչին միջոցներից զրկվել) դարձվածքով:

Այժմ խոսենք օրինակներով 
«էս հացը վըկա»
մի/մին կըտօր հացի հա̈սրա̈թ մընալ— ապրուստի չնչին միջոցներից զրկվել̈սրա̈թ մընալ-
հաց շինէլ(իլ)- ճաշ պատրաստել
հացի նըստէլ(իլ)- սեղան նստել
հաց օտէլ(իլ)- «ճաշել, սեղան նստել»
հացի տէր ինէլ(իլ)/— ապրուստի միջոցներ ունենալ, իր ապրուստը կարողանալ հոգալ̈ռնա̈լ 
հացը (ծէրքանխըլէլ(իլ)- ապրուստի՝ եկամուտի միջոցներից զրկել, պաշտոնից զրկել
հացը վըննատակ տըվօղ- երախտամոռ, հյուրասիրությունը՝ լավությունը մոռացող՝ արհամարհող
Արցախյան բարբառում՝ «հացէն մաչին աղ չինիլ» դարձվածքի իմաստը Գորիսի բարբառում հաղորդվում է «հափռումը աղ չինիլ» դարձվածք

Քաղցրահամ աղբյուրներով հարուստ Գորիսում ջուրը տեղաբնիկների շրջանում ընկալվում է որպես մատչելի, հասանելի՝ այլ կերպ ասած էժան, այստեղից էլ՝ ճիրի գին (չափազանց էժան) դարձույթը:

Երկար ճանապարհ գնացողի ետևից ջուր են լցնում՝ այդպիսով բարի ճանապարհ բարեմաղթելով. այստեղից էլ՝ դիբէտան ճո̈ւր ածէլ(իլ) դարձվածքը՝ «բարի ճանապարհ մաղթել» նշանակությամբ:
ըշխադանքը ճո̈ւրը ածէլ(իլ)/քիցիլ, ըշխադանքը ճո̈ւրը ինգյէլ(իլ)/տա̈ռնա̈լ — «աշխատանքի արդյունքը ոչնչացնել, վաստակածը վատնել», «աշխատանքն իզուր՝ ապարդյուն անցնել, վաստակածը վատնվել»
Ղարաբաղի բարբառում՝ կյըէտէն  պէրածը կյըէտը կըտանէ դարձվածքի իմաստը  Գորիսի բարբառում հաղորդվում է ճիրին պէրածը ճո̈ւրը կըտանի դարձույթով:
Գորիսի բարբառում գործածվում են նաև դարձվածքներ, որորնցում հաց և ջուր բաղադրիչները հանդես են գալիս միասնաբար. Հացաճիրա կըտըր(վ)էլ դարձվածքը՝ «ախորժակը փակվել, ոչինչ չուտել և չխմել (հիվանդության պատճառով)» և հացճո̈ւր շինէլ(իլ) դարձվածքը՝ «հաց շինիլ» նշանակությամբ։

Քանի որ այսօր պաշտպանության են ներկայացվում նաև Տավուշի տարածաշրջանին վերաբերող թեմաներ, ուստի մենք համեմատություն ենք անցկացրել Գորիսի և Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բարբառային բառերի  միջև , քանի որ երկու տարածաշրջանների խոսվածքի միջև կան նմանություններ

1․ ազղուն /Տավուշ/-ազղուն /Սյունիք/՝ նշանակում է ուժեղ, անվախ տղամարդ
2․ ածել /Տավուշ/-ածել /Սյունիք/՝ նշանակում է լցնել, նաև նվագել
3․ անջաղ /Տավուշ/-անջաղ /Սյունիք/՝ նշանակում է հազիվ
5․ ա̈ քա̈ նդա̈ զ /Տավուշ/-խա̈թա̈նգա̈զ /Սյունիք/՝ նշանակում է սավոկ
6․ դալդա /Տավուշ/-դալդա /Սյունիք/՝ նշանակում է թաքուն տեղ
7․ ազար /Տավուշ/-ազար /Սյունիք/՝ նշանակում է ցավ
8․ բ ա̈ զի /Տավուշ/-բ ա̈ զի /Սյունիք/՝ նշանակում է ոմն, ինչ-որ մեկը
9․ բեջարել /Տավուշ/-բիջա̈ րել /Սյունիք/՝ նշանակում է մշակել

«Բարբառներ» ակումբի գործունեությունը

Ինչպես իմ ներածական խոսքում նշեցի, աշխատանքի չորորդ գլխում ներկայացված է «Բարբառներ» ակումբի գործունեությունը՝ որպես բարբառների նկատմամբ վերաբերմունքի գործնական ապացույց։Ակումբի աշխատանքները համակարգում է ընկեր Վարդանը, ով բոլոր ճամփորդություններին ակումբի շրջանակում իրականացնում է բարբառային զրույցներ տարբեր տարածաշրջաններում։Ինքս էլ մասնակից եմ եղել մի քանի ճամփորդությունների, որոնց ընթացքում միասին իրականացրել ենք նման աշխատանքներ։
Հետազոտական աշխատանքում ներառել ենք մասնավորապես Սյունիք կատարած ճամփորդությունների ընթացքում իրականացված բարբառային զրույցներ, նաև Գորիսի բարբառով հեքիաթի ընթերցումներ կրթահամալիրի տարբեր դպրոցներում։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ հետազոտական աշխատանքում։

https://www.canva.com/design/DAGEiNuSmJw/ciB54Giqsdr75xGxAQfFxg/edit?utm_content=DAGEiNuSmJw&utm_campaign=designshare&utm_medium=link2&utm_source=sharebutton

Ավարտը՝ եզրակացության ընթերցումով

Յուրաքանչյուր բարբառ մեր լեզվի կենդանի դրսևորումն է, ժողովրդական խոսքի սնուցողն ու պատկերը, որոնց թվում է նաև Գորիսի տարածաշրջանի բարբառը։ Հայերենի բարբառներն իրենց բազմազանությամբ, լեզվական հարուստ իրողություններով օգնում են գիտականորեն պարզաբանել և ճշտել լեզվի պատմության և տեսության բազմաթիվ կարևոր հարցեր, նպաստում են արդի գրական լեզվի զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությանը: Բարբառները հարուստ նյութ են տալիս նաև տվյալ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու, ճանաչելու համար, մանավանդ այն դեպքում, երբ գրավոր հուշարձաններն ու մեզ հասած վավերագրերը բավարար հիմքեր չեն առաջադրված խնդիրների լուծման համար:

Բարբառը պաշտպանվում ու պահպանվում է դրա գործածության և փոխանցման շնորհիվ, իսկ  հայերենի բարբառների պաշտպանությունն ու պահպանումը ներկայումս հիմնախնդիր է, քանզի բարբառները գրական լեզվի հարստացման կենսական ակունք են։
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ անպայման նշել, որ բարբառը պետք է կրել պատվով, բարբառով պետք է խոսել առանց կաշկանդվելու, ամաչելու, բարբառակիր լինելը չպետք է քողարկել, բարբառը մեր լեզվի համ ու հոտն է, աղն է, առանց որի գրական հայերենը կլինի աղքատ։

Հետազոտական աշխատանքը նպաստեց ինչպես հայերենի բարբառների, մասնավորապես Գորիսի բարբառի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի բարձրացմանը, այնպես էլ հետազոտական հմտությունների զարգացմանը։







Հանդիպում

Հանդիպում քոլեջի մայրենիի դասավանդող Թամար Վահրամանյանի հետ՝ հետազոտական աշխատանքի շրջանակում։
Քանի որ հետազոտական աշխատանքիս թեման վերաբերվում է բարբառներին՝«Գորիսի տարածաշրջանի բարբառը»,ուստի աշխատանքն ավելի հարստացնելու նպատակով սկսում ենք բարբառակիր դասավանդողների հետ հանդիպում-զրույցների շարք։
Եվ ահա առաջին զրույց-հանդիպումը նախատեսված է Թամար Վահրամանյանի հետ։

Հետազոտական աշխատանք

Թեմա՝ «Գորիսի տարածաշրջանի բարբառը»

  • Պաշտպանող՝ Մարի Կարապետյան
  • Աշխատանքի ղեկավար՝ Վարդան Կարապետյան
  • Գրախոս՝ Մհեր Քումունց /Բանասիրական գիտությունների թեկնածու․ դոցենտ, Գորիսի պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, գիտաշխատող/
  • Ամբողջական հետազոտական աշխատանքը տեսեք՝ հղումով
  • Սահիկաշարը տեսեք՝ հղումով
  • Գրախոսությունը տեսեք՝ հղումով

    Բարբառային տեսանյութեր՝ 

Տեսանյութ 1
Տեսանյութ 2

Ես Մարի Կարապետյանն եմ, Հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորող։ Քանի որ վարժարանի նոր սովորող եմ, ինձ համար նորություն է հետազոտական աշխատանքը։ Ես արմատներով Սյունիքից եմ՝ Գորիս քաղաքից, այդ պատճառով ընտրել եմ հենց Գորիսի տարածաշրջանի բարբառը՝ որպես հետազոտական աշխատանքի թեմա։ Գորիսի բարբառին տիրապետում եմ մասամբ, սակայն հասկանում եմ ամբողջովին։ Բնականաբար ինձ հետաքրքրում է այս թեման, որն ուսումնասիրելը կօգնի ինձ ավելին իմանալու Գորիսի տարածաշրջանի բարբառի մասին և այն ավելի լավ տիրապետել։
Թեման արդիական է, քանի որ այսօր մեր բարբառները պահպանելու, փոխանցելու խնդիր ունենք, իսկ հայերենն առանց բարբառների թերի և ոչ լիարժեք կլինի։Բարբառները ցանկացած լեզվի կենդանի սնուցման աղբյուր են, նրա բնականոն զարգացման կարևոր գործոններից մեկը։